Այս շաբաթ ԱՄՆ-ի Կոնգրեսը քննարկում է Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման համաձայնագիրը, որը մեր երկրները, ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը կնքել են Թեհրանի հետ: Սա կարևոր պահ է: Մենք հնարավորություն ենք ստացել ցույց տալու, թե ինչի կարելի է հասնել դիվանագիտական մեթոդներով՝ չնայած աճող գլոբալ անկայունությանը: Իրանի միջուկային ծրագիրը տասնամյակից ավելի է՝ անհանգստություն է հարուցում: Թեհրանը վստահեցնում է, որ զուտ խաղաղ մտադրություններ ունի: Իրոք, Միջուկային զենքի չտարածման պայմանագրով բոլոր երկրներն իրավունք ունեն միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակներով օգտագործել: Սակայն ընդամենը երկու տարի առաջ Իրանը սպառնալից չափերով ընդլայնեց իր ծրագիրը, մեծացրեց ուրանի պաշարները, մի մասը մինչև 20 % հարստացրեց, ավելացրեց թիվը, հավելելով թիվը նոր սերնդի առավել հզոր տարբերակներով, Ֆորդոյում կառուցեց ուրանի հարստացման ստորգետնյա գործարան և համարյա ավարտեց Արակայի հետազոտական ռեակտորի կառուցումը, որը կարող է զենք պատրաստելու որակի պլուտոնիում արտադրել: Ատոմային էներգիայի միջազգային ընկերությունը (ՄԱԳԱՏԷ-ն) շատ քիչ տեղեկություններ ուներ Իրանի միջուկային ծրագրի որոշ կողմերի մասին: Այս իրավիճակը լուրջ սպառնալիք էր ոչ միայն Իրանի հարևանների ու Իսրայելի համար, այլև մեր երկրների: Մերձավոր Արևելքում սպառազինությունների մրցավազքը կհանգեցներ աղետալի հետևանքների առանց այդ էլ անկայուն տարածաշրջանում: Մենք հարկադրված էինք համատեղ զբաղվել այդ մարտահրավերով: Իրանի հետ անարդյունք բանակցությունների երկար պատմությունը լավատեսության քիչ հիմքեր էր տալիս: Այնուհանդերձ, մենք երկու տարի իրավիճակի հանգամանալից ու կոշտ քննարկումներից հետո պայմանավորվածության հանգեցինք: Մեր համաձայնագիրը փակում է միջուկային զենք ստեղծելու Իրանի հնարավորությունը: Փոխարենը Իրանը ստանում է միջուկային ծրագրի պատճառով սահմանված պատժամիջոցների թուլացում:
Մենք ամբողջությամբ աջակցում ենք այս համաձայնագրին, որը թույլ է տալիս հասնել մեր նպատակներին: Համաձայնագիրը ամբողջությամբ փակում է ուրանի հարստացումով ռումբի ստեղծման ճանապարհը, Իրանից պահանջելով 98 % -ով կրճատել հարստացված ուրանի պաշարները, երեք անգամ նվազեցնել ցենտրիֆուգների թիվը, նվազեցնել ուրանի հարստացման մակարդակը և դադարեցել Ֆորդոյի գործարանի շահագործումը: Համաձայնագիրը փակում է ռումբի պլուտոնիումով ճանապարհը՝ պահանջելով փոխել Արակայի ռեակտորը, որպեսզի հնարավոր չլինի պլուտոնիում արտադրել զենքի համար: Համաձայնագիրը երաշխարավորում է ՄԱԳԱՏԷ-ի ընդլայնված մուտքը ոչ միայն Իրանի հայտնի միջուկային կենտրոններ և ամբողջ միջուկային վառելիքային շղթա, այլև, եթե պահանջվի, ցանկացած չհայտարարագրված օբյեկտ:
Ի տրիտուր Իրանը աստիճանաբար ազատվելու է միջուկային ծրագրին առնչվող պատժամիջոցներից, եթե կատարի իր ստանձնած կոնկրետ պարտավորությունները և ՄԱԳԱՏԷ-ն դա հաստատի: Մենք բոլորս կողմ էինք պատժամիջոցների վերականգնման վերապահումին, եթե Իրանը լրջորեն խախտի պայմանավորվածությունները:
Այս համաձայնագիրը չի հիմնվում ոչ վստահության, ոչ կանխատեսումների վրա, թե ինչպիսին է լինելու Իրանը 10 կամ 15 տարի անց: Համաձայնագրի հիմքում երկարատև ու հուսալի վերահսկողության հանգամանալից շարադրված և ուշադիր ձևակերպված միջոցառումներն են: Իրանը չխարդախելու ուժեղ խթաններ ունի՝ հաստատ բռնվելու է, և հետևանքները, եթե խախտի համաձայնագիրը, ծայրահեղ անցանկալի են լինելու:
Մենք ամենայն որոշակիությամբ դատապարտում ենք Իսրայելի պետությունը չճանաչելը Իրանի կողմից և այն անընդունելի ձևակերպումները, որ օգտագործում են Իրանի ղեկավարները Իսրայելի մասին խոսելիս: Իսրայելի անվտանգությունը եղել և մնում է մեր առանցքային խնդիրներից: Մենք Իրանի հետ համաձայնագիր չէինք կնքի, եթե վստահ չլինեին, որ համաձայնագիրը նվազեցնում է տարածաշրջանի սպառնալիքները: Կնքելով այս համաձայնագիրը, մենք չենք կարծում, որ Իրանի արտաքին քաղաքականությունը մոտ ապագայում փոխվելու է: Սակայն համաձայնագիրը նվազեցնում է Իրանի միջուկային ծրագրի սպառնալիքը և կարող է օգնել Իրանին՝ ընդունելու, որ հարևանների հետ ավելի լավ է համագործակցել, քան թշնամանալ: Թեպետ Թեհրանի հետ մեր շահերը կարող են տարբեր լինել, մենք բախվում ենք ընդհանուր մի շարք մարտահրավերների՝ մասնավորապես Իսլամական պետության սպառնալիքը:
Մենք վստահ ենք, որ այդ համաձայնագիրը կարող է հիմք լինել, որպեսզի վերջնականապես կարգավորվի Իրանի միջուկային ծրագրի շուրջ կոնֆլիկտը: Այդ պատճառով հիմա մենք ցանկանում ենք ազգային մակարդակում ավարտել բոլոր գործընթացները և սկսել կյանքի կոչել Համատեղ համալիր գործողությունների ծրագիրը:
Դևիդ Քեմերոն, Մեծ Բրիտանիայի վարչապետ
Ֆրանսուա Օլանդ, Ֆրանսիայի նախագահ
Անգելա Մերկել, Գերմանիայի կանցլեր
"The Washington Post", 11.09. 2015.
Հ.Գ.
Տպավորիչ է, չէ՞, ԵՄ երեք հզոր պետությունների ղեկավարների համատեղ հրապարակումը, որտեղ նրանք բացարձակ համաձայնություն են հայտնում համաշխարհային քաղաքականության կարևորագույն հարցերից մեկի շուրջ: Առավել ևս, երբ այդ ղեկավարներից մեկը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն է, որ պատրաստվում է ԵՄ-ին իր երկրի անդամակցության հարցը համաժողովրդական հանրաքվեի դնել:
Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի Սենատի դեմոկրատական փոքրամասնությունն արգելափակեց հանրապետական մեծամասնության փորձերը՝ խանգարել Իրանի հետ կնքված համաձայնագրի վավերացմանը: Սպիտակ տունը անլուրջ է անվանում հանրապետականների ծրագրերը՝ դատարանի միջոցով արգելափակել Իրանի հետ միջուկային գործարքը: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հայտարարեց, որ հանրապետականները ԱՄՆ-ի օրենսդրության շրջանակներում բոլոր հնարավոր քայլերը կձեռնարկեն՝ արգելափակելու Իրանի հետ միջուկային գործարքը, այդ թվում՝ դատարանի միջոցով: «Մենք դա իրատեսական չենք համարում»՝ ի պատասխան հայտարարեց Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը լրագրողների համար ճեպազրույցում՝ նկատելով, որ հանրապետականների մտադրությունը «հիանալի գաղափար է Կապիտոլիումի բլրամերձ հայտնի ռեստորանում «Մարգարիտա» կոկտեյլի երկու գավաթից հետո:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ